Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է 25.04.2015թ.

  Մալարիան էնդեմիկ, պարազիտար, տարափոխիկ, անտրոպոնոզ հիվանդություն է, որը տարածվում է Anopheles ցեղի մոծակների միջոցով։ Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (մեծանում է փայծաղի չափերը), հեպատոմեգալիայով և անեմիայով (սակավարյունություն)։
   Ներկայումս աշխարհի ավելի քան հարյուր երկիր տեղակայված են մալարիայի էնդեմիկ տարածքում, որոնց բնակչությունը կազմում է 2 միլիարդ մարդ: Մալարիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի շատ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
  1994թ ի վեր, 25 տարվա ընդմիջումից հետո, մալարիան կրկին արմատավորվեց ԼՂՀ-ում և սկսեցին արձանագրվել մալարիայի դեպքեր՝ ք. Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում: ԼՂՀ առողջապահության նախարարության ղեկավարությամբ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հիմնարկների կողմից շարունակական իրականացվում է մալարիայի հիվանդության դեմ պայքար:
   ԼՂՀ տարածքում արձանագրված մալարիայի գրանցման դեպքերը հետևյալն են՝1994թ գրանցվել է 56 դեպք, 1995թ՝ 5 դեպք, 1996թ՝16 դեպք, 1997թ՝ 189 դեպք,1998թ՝ 217 դեպք, 1999թ՝ 213 դեպք, 2000թ՝ 24 դեպք, 2001թ՝ 18 դեպք, 2002թ՝ 38 դեպք, 2003թ՝ 20 դեպք, 2004թ՝ 9 դեպք, 2005թ՝ 2 դեպք, 2006թ՝ 1 դեպք:
   Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման պայքարի համալիր միջոցառումների շնորհիվ հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը, ընդհատվեց տեղական փոխանցումը և 2007թ-ից առ այսօր հանրապետությունում դեպքեր չեն արձանագրվել:
ԼՂՀ-ն այն տարածաշրջաններից է, որոնց հաջողվել է հասնել հիվանդության էլիմինացմանը՝ երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: Այսպիսով ԼՂՀ վկայագրված է որպես մալարիայից ազատ գոտի:
 Այսօր ԼՂՀ ԱՆ հիմնարկների կողմից շարունակական իրականացվում է հակահամաճարակային և բուժկանխարգելիչ միջոցառումներ, որոնց շնորհիվ կպահպանվի մալարիայից ազատ տարածքի կարգավիճակը և չի թույլատրվի, որ այս հիվանդությունը կրկին արմատավորվի մեր երկրում:
   ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2015-2019 թվականների պետական ծրագիր: