icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում / 23-06-2020


Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել:

Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն), ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա բուժակամանկաբարձական կետ, ամբուլատորիա կամ հիվանդանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում։
Օձի խայթոցի դեպքում արգելվում է խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան կամ ժգուտ դնել, խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել, տուժածին ալկոհոլ, սուրճ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:
Արցախում հաճախ կարողանում են ճանաչել, թե ինչ օձ կամ կարիճ է խայթել, բայց երբեմն դժվարանում են: Մեզ մոտ հանդիպող թունավոր օձերից են կովկասյան, տափաստանային, հայկական իժերը և գյուրզան։
Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաև խայթոցի տեղակայումից։