icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր / 04-02-2020


Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն նվիրված է քաղցկեղի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, քաղցկեղի կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը։ 2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետությունում գրանցվել է 345 քաղցկեղի նոր հայտնաբերված դեպք:
Ամեն տարի 9,6 մլն մարդ մահանում է քաղցկեղից։ Դեպքերի մեկ-երրորդը հնարավոր է կանխարգելել, մի մասն էլ բուժել՝ վաղ փուլերում ախտորոշման և բուժման ճիշտ կազմակերպման շնորհիվ։
Քաղցկեղով բազմաթիվ հիվանդներ ախտորոշումից հետո բախվում են կյանքի նկատմամբ վերահսկողության կորուստի զգացողության հետ։ Ֆիզիկական փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ բուժման ընթացքում և դրանից հետո, ինչպես օրինակ մարմնի մի մասի հեռացումը, մազաթափությունը, խոսքի խանգարումները, անմիզապահությունը, կարող են ազդեցություն թողնել հիվանդի արտաքին տեսքի և ինքնագնահատականի վրա։
Քաղցկեղով հիվանդները և նրանց ընտանիքները պետք է ակտիվորեն մասնակցեն բուժմանը վերաբերվող որոշումներին, պետք է հաշվի առնվեն նրանց անձնական կարիքները և նախընտրությունները։ Քաղցկեղով ապրող անհատի համար հոգեբանական աջակցությունը, ջերմ հարաբերությունները ընտանիքի, ընկերների, զուգընկերոջ հետ կարող է զգալիորեն փոխել նրանց կյանքի որակը։
Հաշվի առնելով այս ամենը՝ քաղցկեղի դեմ պայքարել հնարավոր կլինի միայն մարդկանց իրազեկման և կրթման միջոցով։ Միասին մենք կարող ենք անել ավելին:
Քաղցկեղը դատավճիռ չէ։