icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը / 24-01-2020


Հունվարի 24-ին կայացել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում Արայիկ Բաղրյանը ներկայացրել է 2019 թվականի համակարգի գործունեությունը, կարևոր ձեռքբերումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6.923,4 մլն դրամ՝ 2018 թվականի 6 151,8 մլն դրամի փոխարեն, որը ԱՀ պետական բյուջեում կազմում է 5.7%:
Արցախի առողջապահության համակարգի 2019թ. կատարողականը կազմել է 6.720,4 մլն. դրամ: Բյուջեն կատարվել է 97,1 %-ով:
ԱՀ առողջապահության նախարարը իրազեկել է, որ 2019 թվականին շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որը հագեցած է բժշկական սարքավորումներով, պարագաներով ու անհրաժեշտ գույքով։
Բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու արդիական բժշկական սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։
Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շենքի շուրջ 1000 քառ. մետր մակերեսով երկրորդ հարկը՝ մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։
Անդրադառնալով առաջադրված նպատակների իրականացմանը՝ Արայիկ Բաղրյանը նշել է, որ 2019 թվականին աշխատանքի է ուղեգրվել 24 բժիշկ մասնագետ, որից 7-ը՝ պետական նպատակային ուսումնառություն անցած շրջանավարտներ։ 2019 թվականին, համաձայն կառավարության համապատասխան որոշման, շրջանային բժշկական հաստատությունները բժիշկ մասնագետներով համալրելու նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրվում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած բժիշկ մասնագետին։
Նախարար Բաղրյանը ընդգծել է, որ հետևողական աշխատանքների շնորհիվ, համագործակցելով Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ու բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ բարեգործական հիմունքներով, համակարգի բժիշկ-մասնագետները մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանի Հանրապետության ու արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում:
Կազմակերպվել են նաև մի շարք սեմինարներ ու գիտաժողովներ, որոնցից Արայիկ Բաղրյանը առանձնացրել է 5-րդ համահայկական միջազգային համագումարի շրջանակներում կազմակերպված սատելիտ սիմպոզիումները Արցախում, որին մասնակցել են համակարգի մոտ 70 բժիշկ ու 90 բուժքույր։ Համագումարի կազմխորհրդի կողմից որոշվել է 2023 թվականի հուլիսին կայանալիք 6-րդ համահայկական բժշկական համագումարը կազմակերպել Արցախում, որի ընթացքում ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներից հանրահայտ բժիշկներ ու առողջապահության կազմակերպիչներ։
Որպես ոլորտի 2019 թվականի կարևոր ձեռքբերում նախարար Բաղրյանը առանձնացրել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումը։ Այն կարգավորել է քաղաքացիների հոսքերը՝ հերթագրման գործընթացը համակարգի միջոցով, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները։ Աշխատանքներ են կատարվում ամբուլատոր ծառայությունները համակարգի մեջ ներառելու, ինչպես նաև էլեկտրոնային քարտի ներդնման ուղղությամբ։
2019 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է շուրջ 511,4 հազ. ամբուլատոր հաճախում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի 510,0 հազարի դիմաց:
Հիվանդանոցային բուժօգնություն է ստացել ավելի քան 20.000 մարդ, 2018 թվականի 19.200-ի դիմաց:
Բնակչության լիարժեք բուժսպասարկման համար 2019 թվականի կատարվել է 285.610 լաբորատոր-գործիքային հետազոտություն և 38.597 դժվարամատչելի հետազոտություն: Այն 2018 թվականին կազմել էր համապատասխանաբար 295 209 և 32.219 հետազոտություն:
Հաշվետու տարում հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6840 վիրահատություն, որից ստացիոնար՝ 5240 և ամբուլատոր՝ 1600:
Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով, «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել է 403 գյուղական այց, որի արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ:
Հայաստանի Հանրապետությունից և արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում ինչպես Ստեփանակերտ քաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր շրջանների բուժհիմնարկներում կատարվել են տարբեր հիվանդություններով տառապող մի շարք հիվանդների ընդունելություն, այդ թվում 2418 խորհրդատվություն, 1557 հետազոտություն և 371 վիրահատություն։
Նախարարը ընդգծել է, որ 2019 թվականին, ընդհանուր առմամբ բարեգործական հիմունքներով ԱՀ առողջապահության նախարարությանն է տրվել 544 մլն դրամ արժեքով դեղորայք ու բժշկական նշանակության ապրանքներ։
2019 թվականին նախարարության ենթակա բուժհիմնարկների միջոցով հանրապետության բնակչությանը անվճար տրամադրվել է 199.342,773 դրամ գումարի դեղորայք, իսկ բուժհիմնարկների բյուջեի միջոցների հաշվին՝ 61.076,1 հազ. դրամ գումարի չափով։
Պետական բյուջեից հիվանդների բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով հատկացված 227,0 մլն․ դրամ գումարից 199.701,110 դրամ` համաձայն ԼՂՀ կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի թիվ 23-Ն որոշման, հատկացվել է առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող 282 քաղաքացիների` բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով, 6.374,500 դրամը՝ 480 քաղաքացիների այլ քաղաքային բուժման նպատակով ճանապարհածախսի փոխհատուցման համաև և 12.902,665 դրամ՝ 91 հիվանդի սանիտարական տրանսպորտով տեղափոխման համար։
«Նախարարի ընդունելության օրերին, որը իրականացվում է շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին, կատարվել է 742 քաղաքացիների ընդունելություն և բոլոր բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ: Բնակչության համար այս աստիճան հասանելիությունը միտված է բնակչության խնդիրներին և ոլորտի հետ կապված դժգոհություններին առավել իրազեկ լինելու համար, այդ թվում նաև համապատասխան քայլեր ձեռնարկելու դրանք վերացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արայիկ Բաղրյանը։
Նախարար Բաղրյանը պատասխանել է լրագրողների բազմաբնույթ հարցերին: