icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Շուրջ 2500 խորհրդատվություն և հետազոտություն / 01-11-2019


Արցախի առողջապահության նախարարության կողմից այս տարվա ապրիլ ամսին մեկնարկած գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագիրը ընդգրկեց հանրապետության յոթերրորդ շրջանը:
Այսօր նախարար Բաղրյանը նախարարության պատասխանատուների, խորհրդատուների, համակարգի գործադիր տնօրենների և բժիշկ մասնագետների հետ միասին այց է կատարել Շուշիի շրջանի Եղծահող գյուղ:
Մասնագիտական խումբը վաղ առավոտից իրականացրել է գյուղական բնակչության բարձրակարգ բժշկական սպասարկում «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում: Ակնաբուժական խնդիրներ ունեցող 52 անձանց ըստ ցուցումների անվճար հիմունքներով տրամադրվել են ակնոցներ:
Մասնագետների կողմից այս անգամ կատարվել են շուրջ 140 խորհրդատվություն և 43 հետազոտություն:
Այցի շրջանակներում նախարարը հրավիրել է արտագնա գործակարգավարական խորհրդակցություն` համակարգի գործադիր տնօրենների մասնակցությամբ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր համակարգի գործառույթների հետ կապված և նախարար Բաղրյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
«Շուշիի շրջանային բուժմիավորման» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանը ներկայացրել է տվյալներ` կապված բուժմիավորման գործունեության հետ:
Ելույթով հանդես է եկել նաև ԱՀ առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով Արմեն Հայրիյանը, ով հանդիսանում է ծրագրի համակարգող ներկայացրել է վիճակագրական տվյալներ իրականացված աշխատանքների վերաբերյալ նշելով, որ ծրագրի առաջին փուլի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են շուրջ 2500 խորհրդատվություն և հետազոտություն:
Վերջում նախարար Բաղրյանը կազմակերպված «Բաց դռների օր» միջոցառման իրականացմանն աջակցելու, ինչպես նաև հանրապետության համայնքների բնակչությանը ցուցաբերած մասնագիտական բժշկական օգնության համար պարգևատրել է մասնակից բժիշկ մասնագետներին: