icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է / 04-02-2019


Այսօր՝ փետրվարի 4-ն աշխարհում նշվում է, որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այն հատկանշվել է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC) և յուրաքանչյուր տարի սկսած 2005 թվականից շեշտվում է քարոզարշավների և հակաքաղցկեղային միջոցառումների միջոցով:
Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը կենտրոնացնել հիմնախնդրի վրա, ներկայացնել տարածվածությունն ու վտանգավորությունը, ուշադրությունը սևեռել կանխարգելման և վաղ ախտորոշման մեխանիզմների վրա և համընդհանուր պայքար ծավալել հիվանդության դեմ:
Քաղցկեղը էպիթելային հյուսվածքից ծագող չարորակ ուռուցք է, որին բնորոշ է բջիջների ինքնավար և անվերադարձ աճը։ Քաղցկեղը կազմում է չարորակ ուռուցքների շուրջ 90%-ը։
Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բուժումը պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման տարբեր եղանակների զանազան զուգորդումներ։
Հիվանդության ելքը պայմանավորված է քաղցկեղի կլինիկական և հյուսվածաբանական տեսակներով, քաղցկեղային բջիջների տարբերակման աստիճանով, ինչպես նաև ուռուցքի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օրգանիզմի իմունաբանական վիճակը։
2018 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ուռուցքաբանական դիսպանսերում ստացիոնար բուժում է ստացել 990 հիվանդ, որոնցից 840-ը քիմիաթերապիայի կուրս է անցել: Անցյալ տարվա ընթացքում կատարվել է նաև 394 վիրահատություն, որից 95-ը ստացիոնար պայմաններում, 299-ը` ամբուլատոր:
Քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է`
• չծխել և արգելել Ձեր և Ձեր հարազատների կողքին ծխելը,
• լինել ֆիզիկապես ակտիվ,
•պահպանել առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը,
• խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից,
•կանխարգելիչ նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելել բժշկի,
• մասնակցել սկրինինգային հետազոտություններին
• պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ: