icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախում սուր շնչառական վարակների հետ կապված համաճարակաբանական վիճակը հանգիստ է / 09-01-2019


Տոնական օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) նկատմամբ համաճարակաբանական հսկողություն: Իրականացվել է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվել համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում:
2018 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկներում վերին շնչառական ուղիների սուր վարակներ ախտորոշմամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել է 220, 198-ը` երեխաներ: Ստացիոնար բուժում են ստացել 21 հիվանդ, 16-ը` երեխա:
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԱՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ.
2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման.
3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ.
4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մետր հեռավորություն.
5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ և ժամանակին դիմել բժշկի.
6. Պահպանել հազալու և փռշտալու կանոնները.
7. Խստորեն հետևել անձնական հիգիենային.
8. Հագնվել եղանակին համահունչ.
9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները: