icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հաշմանդամները ինտեգրված են հասարակության հետ / 03-12-2018


Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին։
Այս օրը հռչակվել է հասարակության կյանքում հաշմանդամների լիարժեք և հավասար մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով և նպատակներն առաջադրվել են Հաշմանդամների վերաբերյալ Գործողությունների միջազգային ծրագրում, որն ընդունվել է 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
1998թ. սեպտեմբերին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից Արցախում պաշտոնապես բացվել է Վերականգնողական կենտրոն, որի առաքելությունն է՝վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակության հետ, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը:
Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի բարելավման համար:
Այսօր աշխատանքներ են տարվում հաշմանդամային սպորտը Արցախում զարգացնելու ուղղությամբ: Վերականգնողական կենտրոնում բուժվող, հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ և ակտիվ մասնակցություն են ունենում ՀՀ-ում և ԱՀ-ում կազմակերպվող սպորտի միջոցառումներին:
Վերականգնողական կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները՝ Բժիշկ-վերականգնողաբանի խորհրդատվություն, Ֆիզիկական թերապիա, էրգոթերապիա, բոբաթ-նեյրո զարգացողական թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, սոցիալական ծառայություն, ջրաբուժություն, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացներ: Նշված ծառայություններից օգտվում են կենտրոնում ամբուլատոր, ստացիոնար և ցերեկային ստացիոնար բուժում ստացողները:
Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող 120-ից ավելի մարդկանց: Կենտրոնը ունի պատրաստված մասնագետներ Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական և աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում:
2006 թ. հուլիսից կենտրոնում բացվել է բուժական լողավազան (ջրաբուժություն): 2007թ. հունիսի 1-ին վերականգնողական կենտրոնում բացվեց մանկական առողջության կենտրոն, որտեղ հաճախում և բուժում են ստանում երկուսից յոթ տարեկան մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ:
2017թ. Մայիսի 2-ին վերականգնողական կենտրոնին կից սկսեց գործել ցերեկային խնամքի և բուժման կնետրոն, որի նպատակն է բարելավել աուտիզմով և ՄՈՒԿ ախտորոշում ունեցող երեխաների կյանքի որակը: Կենտրոնում տարեկան բուժում են ստանում ավելի քան 50 երեխա: