icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է / 01-12-2018


Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Արցախի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 2000 թվականից:
Մարդու իմունային անբավարարության վիրուսակրության (ՄԻԱՎ) վարակի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը ԱՀ բնութագրվում է հիվանդացածության ցածր մակարդակով:
Լաբորատոր հետազոտությունը ՄԻԱՎ-ի հայտնաբերման նկատմամբ իրականացվում է «Համաճարակաբանության և Հիգիենայի Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ պետական պատվերի շրջանակներում: Վերջնական ախտորոշումը կատարվում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:
2000թ. մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 106 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 64 մարդ (60,4%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 38 դեպք (35,8%): ՄԻԱՎ վարակի 4 դեպք (3,9%) է արձանագրվել երեխաների մոտ:
Արցախի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (87,7%), թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (8,5%), մորից երեխա ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքերը (3,8%):
2000 թվականից մինչև 2018 թվականը Արցախի Հանրապետությունում մահացել են ՄԻԱՎ վարակակիր 14 մարդ:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչների շրջանում՝ 48 դեպք, Շուշիի շրջան՝ 7, Ասկերանի շրջան՝ 7, Մարտունու շրջան՝ 18, Հադրութի շրջան՝ 11, Մարտակերտի շրջան՝ 9, Շահումյանի շրջան՝ 2, Քաշաթաղի շրջան՝ 4, դեպքերով:
Բոլոր հայտնաբերված վարակակիրները ուղեգրվում են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն բուժում ստանալու նպատակով: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցներ ՄԻԱՎ վարակակիրների բուժօգնությունը տեղում կազմակերպելու ուղղությամբ :
ՄԻԱՎ վարակի կանխարգելման հիմնական ուղղություններն են՝
1. Բարոյական դաստիարակություն աճող սերնդի նկատմամբ
2. Առաջին սեռական հարաբերության հետաձգում
3. Պատահական սեռական կապերի ժամանակ պահպանակի օգտագործում
4. Ներարկային ճանապարհով թմրամիջոցների օգտագործումից խուսափում
5. Առողջապահության համակարգի հաստատություններում ՄԻԱՎ–ի փոխանցման
բացառում:
6. Բնակչության շրջանում սան լուսավորչական աշխատանքների ուժեղացում: