icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է / 14-11-2018


Նոյեմբերի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր:
Շաքարային դիաբետը իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:
Շաքարային դիաբետի առաջացման ռիսկի գործոններ են հանդիսանում ժառանգականությունը, մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը, արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը: Մի շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով:
Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է: Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է` ուղեկցվելով վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Շաքարային դիաբետի ծանր բարդություններն են տեսողության խանգարումները` աչքի ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխության հետևանքով, ինչպես նաև երիկամային կծիկների ախտահարումը` երիկամների ֆունկցիայի խանգարմամբ:
Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները ինչպես նաև բուժական ֆիզկուլտուրան, լողը, դահուկային քայլքը և այլն:
Շաքարային դիաբետի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում:
Արցախի Հանրապետությունում 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրվել է շաքարային դիաբետով հիվանդացության 366 նոր դեպք: Հաշվառված հիվանդները ներզատաբանի անմիջական հսկողությամբ ստանում են  հակադիաբետիկ դեղորայք՝ անվճար, պետական միջոցների հաշվին:
Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-18 տարեկան երեխաներին, ինչպես նաև 18-22 տարեկան հիվանդներին շարունակական տրամադրվում է ինսուլին և ինսուլինային ներարկիչ-գրիչներ: Վերջիններիս ամենօրյա օգտագործումը իրավամբ կբարելավի հիվանդների առօրյան, կբարձրացնի նրանց կյանքի որակը: