icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հոգեկան առողջության համաշխարհային օրն է / 10-10-2018


Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը հոգեկան առողջության խնդիրների, կանխարգելման, հոգեկան խանգարումների բուժման վերաբերյալ:
Աշխարհում 450 մլն մարդ տառապում է տարբեր հոգեկան խանգարումներով:
Հոգեկան հիվանդությունը մարդու օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր խանգարում է, բնորոշվում է գլխուղեղի և նրա հիմնական ֆունկցիայի՝ հոգեկան գործունեության, ախտաբանական փոփոխություններով։ Հոգեկան հիվանդությունների դեպքում խանգարվում են արտաքին (բնական, սոցիալական) և ներքին (մարմնային) միջավայրերի օբյեկտիվ իրականությունն արտացոլելու, միջավայրից ստացվող գրգիռները և ինֆորմացիան անալիզի ենթարկելու գլխուղեղի ընդունակությունը։
Հոգեկան հիվանդությունների պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, ներարգանդային զարգացման խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, ուռուցքները, ինֆեկցիաները, թունավորումները (ալկոհոլով, նարկոտիկներով), ներզատիչ և վեգետատիվ համակարգերի ներքին օրգանների հիվանդությունները, ավիտամինոզները, հոգեկան տրավմաները, սթրեսային վիճակները և այլն։
Հասարակության ցանկացած անդամ պետք է իմանա, ինչ է հոգեկան խանգարումը ինչպես վարվել հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց հետ:
Արցախի Հանրապետությունում հաշվառված են հոգեկան խանգարումներով 2193 մարդ:
Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից: Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խանգարումներ, այդ իսկ պատճառով ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն այդ երևույթի վերաբերյալ:
«Հոգեբուժական օգնության մասին» ԼՂՀ օրենքի համաձայն Արցախի Հանրապետությունում հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության երաշխավորված նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության միջոցների հաշվին: