«Ավրորա 2017» մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն 07.06.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ «Ավրորա 2017» մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան հունիսի 7-ին այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն: Նախարար Աթայանը Թոմ Քաթինային ծանոթացրել է կենտրոնի շենքային պայմաններին և բուժսպասարկման որակին:
   Նույն օրը հյուրերն այցելել են ԱՀ առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Մանկական առողջության կենտրոնի և Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի երեխաները հյուրերին դիմավորել են երգ ու պարով:
   Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի ուղեկցությամբ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, բժիշկ Թոմ Քաթինան և մնացած հյուրերը շրջել են կենտրոնով, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև բուժում ստացող ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող սահմանափակ կարողություններով անձանց հետ տարվող աշխատանքներին:
   Թոմ Քաթինան իր գոհունակությունն է արտահայտել արդի պայմաններն համապատասխանող Հանրապետական բժշկական կենտրոնի վերաբերյալ, կիսվել վերականգնողական կենտրոնում ստացած տպավորություններով:
   «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանում է այն հերոսը, ով օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով։ Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է՝ մարդկության ուշադրությունը մեկ անգամ ևս ուղղելու այսօր աշխարհում տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, ովքեր մարդկային կյանքեր են փրկում։
   Թոմ Քաթինան ԱՄՆ նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից կաթոլիկ միսիոներ է։ Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ որպես Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռներում միակ վիրաբույժ, որտեղ հումանիտար օգնությունը սահմանափակ է։
  Վերջին 9-ը տարիներին «Գթության Մայր» հիվանդանոցում Թոմ Քաթինան, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում, հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 780 հազար բնակիչների համար`Սուդանի կառավարության և Սուդանի ազգային-ազատագրական շարժման միջև տևական քաղացիական պատերազմի պայմաններում։