«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Արցախում անվճար վիրահատություններ են իրականացրել 26.05.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով կրկին Ստեփանակերտ էին ժամանել Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները՝ տնօրեն բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:
   «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Դովլաթյանը, անոթային բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը և վիրահատական բլոկի պատասխանատու Անդրե Ամիրխանյանը Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ համատեղ մայիսի 25-26 իրականացրել են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ:
   Ակնաբույժների կողմից կատարվել է 17 վիրահատություն, հիմնականում կատարակտաներ:
   Հարկ է նկատել, որ վերոնշյալ վիրահատություններն ամբողջությամբ անվճար են իրականացվել: Վիրահատական միջամտության համար անհրաժեշտ ոսպնյակները բարեգործական հիմունքներով տրամադրվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կողմից:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը մայիսի 25-ին ընդունել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանին:
   Նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման ուղիները:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հղել Հայկ Պետրոսյանին համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: