Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում նշվել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը 01.06.2018թ.

   Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կետրոնում կազմակերպվել է հաճելի տոն` ամբուլատոր և ստացիոնար բուժում ստացող սահմանափակ կարողություններով երեխաների համար:
   Միջոցառմանը մասնակցում էին մանկական առողջության կենտրոն հաճախող սանիկները, բուժվող երեխաները իրենց ծնողների հետ, ինչպես նաև ողջ անձնակազմը:
   Վերականգնողական կենտրոնի համար կրկնակի տոն էր, ուղիղ տասնմեկ տարի առաջ հենց այս օրը բացվել է մանկական առողջության կենտրոնը:
   Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը իր ելույթում նշել է, որ Արցախում գործում է նախատիպը չունեցող վերականգնողական կենտրոնը, որտեղ վերականգնման և բուժման համար տարքային սահմանափակում չկա:
   Տարեկան մանկական առողջության կենտրոն տարբեր մտավոր և ֆիզիկական խնդիրներով 160-200 երեխաներ են հաճախում, որտեղ տարբեր մասնագետների կողմից ստանում են նեղ մասնագիտական բուժում և ինտեգրվում իրենց հասակակիցների հետ: