Արցախում կայացավ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը 29.05.2018թ.

 «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» նախաձեռնությամբ, համակազմակերպիչներ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» և Արցախի առողջապահության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտում մայիսի 28-ին կազմակերպվել է ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը՝ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով:
   Վեհաժողովի աշխատանքները ընթացել են մայիսի 24-26-ը Երևանում և մայիսի 28-ին շարունակվել Արցախում։ Այն նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
   Միջոցառումն անցկացվել է ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում` անվճար հիմունքներով: Բոլոր մասնակիցներին տրամադրվելու են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:
   Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը բարձր է գնահատել գիտագործնական կոնֆերանսների իրականացումը, քանի որ այն թարմություն է տալիս մասնագիտական գիտելիքներին և նորարարական մեթոդներ մտցնում գործնական աշխատանքի մեջ:
   Կարինե Աթայանը ընդգծել է, որ բնակչության առողջության պահպանման գործում իր ուրույն տեղն ունի ստոմատոլոգիական ծառայությունը և այդ առումով այն մշտապես գտնվում է առողջապահութան նախարարութան ուշադրության կենտրոնում: Արցախի Հանրապետությունում ստոմատոլոգիական ծառայությունը իրականացվում է 49 լիցենզավորված կլինիկաների և կաբինետների միջոցով: Բացի բժշկական օգնություն ցուցաբերելուց՝ բուժհիմնարկներում իրականացվում են նաև բերանի խոռոչի հիգիենայի պահպանման ծառայություններ 6-12 տարեկան երեխաների շրջանում, որը կարելի է համարել կարևորագույն կանխարգելիչ միջոցառումներից մեկը ստոմատոլոգիայում:
   Նախարար Աթայանը երախտագիտություն է հայտնել հյուրերին առաքելության համար և հավելել, որ վեհաժողովը կլինի արդյունավետ, իսկ համագործակցությունը՝ շարունակական:
   «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի», ինչպես նաև «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, բ.գ.դ.,դոցենտ Լազար Եսայանը բացման խոսքում նշել է, որ ավանդույթի համաձայն, ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ այս անգամ` Երևանում մեկնարկած վեհաժողովի մեկ օրն իրենք անցկացնում են Արցախում: Ասոցիացիայի նախագահը ընդգծել է` միջոցառումը շատ կարևոր է նաև քաղաքական առումով, քանի որ այն մի քայլ է վեհաժողովին մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչներին Արցախը ճանաչելի դարձնելու հարցում: Արցախից, Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից վեհաժողովին մասնակցել են շուրջ 110 անդամ: Վեհաժողովը փորձի փոխանակման և հմտությունների կատարելագործման նոր հնարավորություններ է ընձեռելու:
  Լազար Եսայանը վստահեցրել է, որ ստոմոտոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրներին, ստոմատոլոգիայում ժամանակակից նորարարական լուծումներին նվիրված մեծաթիվ զեկուցումներն արդյունավետ կլինեն մասնակիցների համար:
  Այնուհետև զեկույցներով հանդես են եկել «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» անդամներ, ԱՄՆ Գլենդելի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Վահիկ Մեզերխանին, ՌԴ Եկատերինբուրգի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Գրիգորևը։
   Վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև ձեռքի հմտության դասընթաց «Ատամնապսակի վերականգնումը ապակեթելային գամիկների միջոցով» թեմայով։