«Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»-ը մեկ տարեկան է 02.05.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին կից ստեղծված «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»-ը մեկ տարեկան է: Կենտրոնը ստեղծվել է ԱՀ կառավարության, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ աջակցությամբ:
   Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի մեկամյակին։ Մեկ տարվա ընթացքում կենտրոն է հաճախել 2-16 տարեկան 50 երեխա: Բուժման կուրսի տևողությունը 4 ամիս է, որտեղ ընդգրկվում են 16 երեխա: Բոլոր բուժվողները ուղեգրվում են ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման հոգենյարդաբանի կողմից, իսկ բուժումը վերահսկվում է վերականգնողական կենտրոնի բժիշկ-վերականգնողաբանը:
   Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում աշխատում են վերապատրաստված մասնագետներ, ովքեր առաջնորդվում են միջազգային չախորոշիչների համաձայն: Երեխաներն օգտվում են լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապիստի, էրգոթերպիստի, հատուկ մանկավարժների և սոցիալական աշխատողի ծառայությունից: Մասնագիտացված կենտրոնը զբաղվում է ոչ միայն երեխաների բուժմամբ, այլ նաև մեծ աշխատանք է տանում աուտիզմի խնդիրներ ունեցող երեխաների ծնողների շրջանում՝ իրազեկման նպատակով:
   Միջոցառումը կրում էր ամփոփիչ և հաշվետու բնույթ, որին մասնակցում էին նաև կենտրոնում բուժվող երեխաների ծնողները, ովքեր ելույթ ունեցան շնորհակալական խոսքով` բարձր գնահատելով մասնագետների աշխատանքը։