Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում կոնֆերանս և բաց դռներ էին կազմակերպել 23.04.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է կոնֆերանս՝ նվիրված շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումներին:
  Զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան: Շաքարային դիաբետը ներկայումս ամենատարածված նյութափոխանակային հիվանդություններից մեկն է: Աշխարհում հաշվարկվում է շաքարային դիաբետով հիվանդ շուրջ 400 մլն մարդ:
   ՀՀ գլխավոր մանկական էնդոկրինոլոգը պարզաբանել է, որ զուգակցող հիվանդությունների պատճառով շաքարային դիաբետով հիվանդները համարվում են ծանր և նրանց մեծ մասն ունենում են սիրտ-անոթային խնդիրներ: Ելենա Աղաջանովան ներկայացրել է շաքարային դիաբետի դեղորայքային բուժումը՝ հիմնված ADVANCE ապացուցողական բժշկության վրա:
   ՀՀ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի կարդիոպուլմոնոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Մարինա Օրդյանը ծանոթացրել է սրտաբանության բնագավառում այսօր աշխարհում կիրառվող ուղեցույցներին, բուժման և հետագա միջոցառումների կազմակերպման տակտիկային: Սրտաբանը ներկայացրել է կոնկրետ հիվանդների կլինիկական դեպքեր, որտեղ օգտագործվել է «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության դեղերը և արձանագրված դրական արդյունքները:
 Կոնֆերանսին զուգահեռ կազմակերպվել է բաց դռների օր, որի շրջանակներում ՀՀ մասնագետները ցուցաբերել են գործնական օգնություն:
  Ընդհանուր առմամբ Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանից ժամանած մասնագետների կողմից իրականացվել է 46 խորհրդատվություն: