Արցախում էին ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկները 23.04.2018թ.

 ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բժիշկները՝ տնօրեն, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Գեորգի Օկոևի գլխավորությամբ ապրիլի 21-22-ը ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում իրականացրել են խորհրդատվություններ և վիրահատություններ:
   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 21-ին ընդունել է ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևին:
  Կենտրոնի տնօրենը ներկայացրել է առաքելության նպատակը՝ Արցախում հետազոտել վերարտադրողական ու կանացի տարբեր խնդիրներ ունեցող կանանց, համատեղ աշխատանքի ընթացքում տեղի մասնագետների հետ կիսվել փորձով, իրականացնել լապորոսկոպիկ և էնդոսկոպիկ վիրահատություններ:
   Կարինե Աթայանը տեղեկացրել է, որ առողջապահության ոլորտը մշտապես գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում և ակնհայտ են ձեռքբերումները:
   Հանդիպման ժամանակ նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները:
  Պրոֆեսոր Գեորգի Օկոևը պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջապահական համակարգի զարգացմանը և բնագավառի աշխարհի առաջատար նորությունները ներմուծել Արցախ:
   Երկու օրվա ընթացքում խմբում ընդգրկված նեղ մասնագետներ` նեոնատոլոգը, մանկաբարձ-գինեկոլոգը, գինեկոլոգ-էնդոկրինոլոգը, ռեպրոդուկտոլոգը, բժիշկ սոնոգրաֆիստը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը և էնդոսկոպիկ վիրաբույժը խորհրդատվություններ և վիրահատություններ են իրականացրել նախապես ընտրված հիվանդների շրջանում:
   ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում խորհրդատվություն են ստացել 55 կին, որոնց գերակշռող մասը ենթարկվել են գերձայնային հետազոտության: Այցի ժամանակ կատարվել են կրծքագեղձի և վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություններ: Խորհրդատվությանը զուգահեռ ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բժիշկները Հանրապետական բժշկական կենտրոնում արցախցի մասնագետների հետ համատեղ կատարել են 7 վիրահատություն՝ լապորոսկոպիկ եղանակով: