ԱՀ առողջապահության նախարարն ընդունել է «The HALO Trust»-ի արցախյան ծրագրի ղեկավարին 12.04.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 11-ին ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։
   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի արդյունքում վիրավորում ստացած և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի և Գարիկ Ղահրիյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցեր:
   Նախարար Աթայանը տեղեկացրել է, որ առաջին իսկ րոպեներից կենտրոնի բժիշկները կատարել են բոլոր միջամտությունները և հետազոտությունները՝ անհրաժեշտ ծավալով:
   Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Վերքը լավանում է առաջնային ձգումով, առանց բարդությունների: Հիվանդը ապրիլի 5-ին դուրս է գրվել լավացումով:
   Գարիկ Ղահրիյանի մոտ կատարվել է էտապային երկրորդ վիրահատություն: Վիճակը գնահատվում է ծանր հարաբերական, ինքնուրույն շնչում է, առանց արհեստական շնչառական ապարատի:
   Մայքլ Նյուտոնը երախտագիտություն է հայտնել Արցախի կառավարությանը, ինչպես նաև անձամբ ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին ցուցաբերած աջակցության համար: