Ֆրանսիայից ժամանած բժիշկները անվճար վիրահատություններ են իրականացրել 09.04.2018թ.

 «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության բժիշկները՝ նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանի գլխավորությամբ կրկին ժամանել էին Արցախ: Ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանը, ուրոլոգ Շանթ Բալյանը, ինչպես նաև կառույցի ներկայացուցիչ Արմանդ Սանոսյանը ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլի 1-6-ը իրականացրել են հիվանդների անվճար խորհրդատվություններ ու վիրահատություններ:
   Խորհրդատվություն են ստացել 90-ից ավել քաղաքացի: Ֆրանսիայից ժամանած բժիշկները արցախցի մասնագետների հետ համատեղ կատարել են 35 վիրահատություն: Արցախի տեղի գործընկերներին են փոխանցել ժամանակակից ուրոլոգիայի և անեսթեզիոլոգիայի նորագույն մեթոդները, բուժօգնության եվրոպական չափանիշները:
   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 5-ին ընդունել է Հովհաննես Հեքերյանի գլխավորած պատվիրակությանը:
   Ողջունելով հյուրերին Կարինե Աթայանը նշել է, որ ուրախ է նրանց տեսնել Արցախում:
«Հայ-մեդ» կազմակերպության կողմից Արցախի Հանրապետութան առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնին և «Արևիկ» մանկական բուժմիավորմանը տրամադրվել է բուժսարքավորումներ, վիրահատական գործիքներ, իսկ Մարտակերտի շրջանի Դրմբոն, Գետավան, Ղազարահող, Չափար համայնքների բուժկետերին՝ առաջին բուժօգնության պարագաներ, դեղորայք։
   Հովհաննես Հեքերյանը նշել է, որ իրենց այցի նպատակն է հնարավորության սահմաններում օգնել Արցախի ազգաբնակչությանը՝ սարքավորումների, դեղորայքի և մասնագիտական փորձի փոխանակման եղանակով աջակցել տեղի առողջապահության համակարգի զարգացմանը:
   Հանդիպման ավարտին նախարարը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության կողմից Արցախում իրականցվող ծրագրերի, երկարատև համագործակցության համար և վստահեցրել, որ այն կկրի շարունակական բնույթ: