Դասընթաց` միտված Սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումներին 06.04.2018թ.

   Արցախի առողջապահության նախարարության, Հայկական բժշկական ասոցիացիայի, համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ «Գրինդեքս» դեղագործական ընկերության աջակցությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլին 5-ին կազմակերպվել է դասընթաց` նվիրված սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումներին:
   Զեկույցներով հանդես են եկել ՀՀ Սրտաբանության ԳՀԻ փոխտնօրեն, բ.գ.դոկտոր, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի կարդիոպուլմոնոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Մարինա Օրդյանը, 2-րդ Բուժմիավորման նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Լիդիա Գիմոյանը։
Մինչ դասընթացը հայաստանյան մասնագետները տեղի բժիշկների հետ քննարկել էին մի քանի դեպքեր, համատեղ որոշում կայացրել հիվանդների բուժման վարման վերաբերյալ:
   Մարինե Օրդյանի խոսքով այցի նպատակն է արցախցի գործընկերներին ներկայացնել սրտանոթային խնդիրների վարման միջազգային ուղեցույցները: Մասնագետը տեղեկացրել է, ինչպես Արցախում, Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը բարձր է և սրտաբանների հիմնական աշխատանքը պետք ուղղված լինի դա կանխելուն: Սրտաբանը անդրադարձել է դեղերի ճիշտ ընտրությանն ու դրանց անհրաժեշտ չափաբաժինների կիրառմանը:
   Պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը ներկայացրել է Մետաբոլիկ թերապիայի հակաիշեմիկ ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ: Երևանի գլխավոր սրտաբանի պարզաբանմամբ սրտանոթային հիվանդություններն ամենատարածվածներն են և այն նվազեցնելու համար, պետք է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն վաղ շրջանում հայտնաբերել, ճիշտ բուժում կազմակերպել՝ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան:
   Դասընթացին մասնակցում էին՝ սրտաբաններ, նյարդաբաններ, ներզատաբաններ, թերապևտներ հանրապետության բուժհաստատություններից:
   Միջոցառման շրջանակներում մասնակիցներին կտրվեն են Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։