Միջոցառում նվիրված Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան 04.04.2018թ.

   Ապրիլի 2-ը նշվում է, որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր և այսօր Արցախի առողջապահության նախարարության «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում» կազմակերպվել է միջոցառում նվիրված Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին առողջապահության նախարարությունից ներկայացուցիչներ և Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն հաճախող երեխաների ծնողները:
   Հանդիպմանը քննարկվել է երեխաների առողջական վիճակը, ինչպես նաև ծնողների կողմից հնչել են շնորհակալական խոսքեր՝ երեխաների առողջական վիճակի դրական արդյունքների վերաբերյալ:
 Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է երեխայի մինչև 3 տարեկան հասակը:Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին:
   Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում կտրուկ աճում է: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաները, ինչպես նաև մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, հաղորդակցման և հասարակության մեջ ինտեգրման:
  Համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, հնարավոր է դառնում օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: