Կյանքից հեռացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ Էդիկ Իշխանի Ղուկասյանը 06.03.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, վիրաբույժ Էդիկ Իշխանի Ղուկասյանի հարազատներին և մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: Էդիկ Ղուկասյանը ծնվել է 1934 թվականի աապրիլի 24-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում:
   1942-1952 թվականներին սովորել է Մեծ-Շենի միջնակարգ դպրոցում, որը և ավարտել է արծաթե մեդալով: 1952-1958 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետում: 1958թ. աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում՝ իբրև վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր: 1971թ. նշանակվել է նույն հիվանդանոցի նորաստեղծ ուրոլոգիական բաժանմունքի վարիչ՝ շարունակելով աշխատանքը վիրաբուժական բաժանմունքում: Վիրաբուժության և ուրոլոգիայի գծով կատարելագործվել է Երևանում, Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում և Լենինգրադում: 1965-70թթ. Եղել է ԼՂԻՄ բուժաշխատողների արհմիության նախագահության նախագահ (արտահաստիքային): 1971-75թթ ընտրվել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի միակ բժիշկ անդամ: 1971-74թթ հանդիսացել է Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտի ուրոլոգիական ամբիոնի հեռակա ասպիրանտ:
   1974թ. Լենինգրադում պաշտպանելով թեկնածուական թեզ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  1976թ. նշանակվել և մինչև 2009թ. աշխատել է սկզբում մարզառբաժնի, այնուհետև ԼՂՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժի պաշտոնում՝ կատարելով նաև գլխավոր ուրոլոգի ֆունկցիաները: 1960թ.-ից սկսած մոտ 5 տասնյակ դասավանդել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում: 1993-1995թթ. ղեկավարել է Արցախի պետական համալսարանի բժշկության ամբիոնը:
   Արցախահայության ազգային ազատագրական շարժման առաջին իսկ օրերից հրաժարվել է կոմկուսից, անդամագրվել շարժմանը՝ լինելով նաև նրա ղեկավարներից մեկը:
   1989թ. Հայոց Արցախյան «ՄԻԱՑՈՒՄ» ժողովրդական շարժում կազմակերպության հիմնադիրներից է և նրա բյուրոյի անդամը, այնուհետև նրա իրավահաջորդ տնօրենների խորհրդի անդամը:
   1989թ. ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում ընտրվել է ազգային խորհրդի, ինչպես նաև նրա նախագահության անդամ՝ ստանձնելով առողջապահության և սոցիալական աշխատանքների բնագավառը և շարժման ակտիվ բանվորական խմբի համակարգողը:
   1989թ. Ազգային խորհրդի և Պաշտպանության պետական կոմիտեի առաջարկությամբ մի խումբ ակտիվիստների հետ հիմնադրել է զոհվածների և հաշմանդամների, հետագայում նաև անհայտ կորածներիի ըտանիքների օգնության «Հիշատակ» բարեգործական հիմնադրամը, որի խորհրդի նախագահն էր հիմնադրման օրվանից: 1990թ. Ստեփանակերտի թիվ 252 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ-ի «Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով»-ի նախագահի տեղակալ:
   Արցախյան պատերազմի տարիներին կատարել է հարյուրավոր վիրահատություններ փրկելով բազմաթիվ վիրավորների կյանքեր:
 1999-2005թթ. միաժամանակ վարել է հանրապետական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժական (վիրաբուժական և ուրոլոգիական) բաժանմունքի վարիչի պաշտոնը՝ շարունակելով, համատեղության կարգով գլխավոր վիրաբույժի աշխատանքները: 2005 թվականից մինչ օրերս աշխատում էր Հանրապետական բժշկական կենտորում, որպես վիրաբույժ-ուրոլոգ:
   Հեղինակել է ավելի քան 15 գիտական տպագիր հոդվածներ և հաստատված նորարական առաջարկություններ: Հայկական ուրոլոգիական Ասոցացիայի անդամ է:
   Մեծ է նրա դերը Ղարաբաղում տրավմատոլոգիայի, անեսթեզիոլոգիայի և ուրոլոգիական ծառայությունների ստեղծման գործում: Իրավամբ հանդիսանում է ուրոլոգիական ծառայության հիմնադիրը Ղարաբաղում:
   Մեծ է Ղուկասյանի ներդրումը վիրաբուժական ծառայության բժշկական և միջին բուժաշխատողների կադրերի պատրաստման գործում:
 Է. Ղուկասյանը բազմիցս արժանացել է պետական կառավարական ոչ միայն պարգևների, այլև պարգևատրվել մեդալներով, կրծքանշաններով, անվանական հուշանվերներով ու պատվոգրերով: Անվանի բժիշկը արժանացել է ԼՂՀ վաստակավոր բժշկի և Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի բարձր կոչումների: Պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ», «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով և «Վաչագան Բարեպաշտ»,«Մարշալ Հ. Մ. Բաղրամյան», «Շուշիի ազատագրման համար» մեդալներով:
   2017 թվականից Ռուսաստանի Դաշնության Բժշկակատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
   Էդիկ Իշխանի Ղուկասյանի ` հասարակության կողմից սիրված բժշկի, հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում: