Կոնֆերանս` նվիրված սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին 02.03.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 28-ից մարտի 1-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է կոնֆերանս` նվիրված սրտանոթային հիվանդությունների բուժմանը:
   Ողջունելով ներկաներին Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ-ից ժամանած բժիշկներին` «Փիրուզյան» բժշկական կենտրոնի սրտաբանության կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանին և «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի սրտաբան Սալբի Մխիթարյանին:
   Կոնֆերանսին մասնակցում էին՝ սրտաբաններ, թերապևտներ, էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ հանրապետության բուժհաստատություններից:
   Արմեն Փիրուզյանը ներկայացրել է զարկերակային հիպերտենզիայի և իշեմիկ հիվանդության բուժման ժամանակակից մոտեցումները: Սրտաբանի պարզաբանմամբ զարկերակային գերճնշումը ամենատարածված հիվանդություններից մեկն է աշխարհում և որպես ախտանիշ կարող է հանդես գալ մի շարք հիվանդությունների ու համախտանիշների կազմում։
Բանախոսը կարևորել է այն հանագանմանքը, որ ոչ մի դեղորայքային բուժում արդյունավետ չի լինի, եթե այն չզուգակցվի կենսակերպի փոփոխության հետ։ Ավելորդ քաշի նվազեցում, ֆիզիկական ակտիվության բարձրացում, ծխախոտի բացառում և ճիշտ սննդակարգ։ Ճիշտ սննդակարգի մեջ առաջնայինը կերակրի աղի ընդունման կրճատումն է:
   Սալբի Մխիթարյանը ծանոթացրել է սրտաբանության բնագավառում այսօր աշխարհում կիրառվող ուղեցույցներին, բուժման և հետագա միջոցառումների կազմակերպման տակտիկային: Զեկուցողը անդրադարձել է սրտի իշեմիկ հիվանդության, սրտային բարդությունների ռիսկերի կանխարգելման, զարկերակային ճնշման կարևորագույն դեղորայքի ընտրությանը:
   Կոնֆերանսին զուգահեռ կազմակերպվել է բաց դռների օրեր, որի շրջանակներում ՀՀ լավագույն մասնագետները ցուցաբերել են գործնական օգնություն:
   Ընդհանուր առմամբ Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում սրտաբանների կողմից իրականացվել է 64 խորհրդատավություն, 35 էխոսրտագրություն: