Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետները Ստեփանակերտում անվճար վիրահատություններ են իրականացրել 22.02.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետների նախաձեռնությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում փետրվարի 16-ից 21-ը կազմակերպվել է բաց դռների օր: Ասոցիացիայի վնասվածքաբան-օրթոպեդներ` Արտակ Մացակյանը, Ալբերտ Կարդանգուշևը, Գեորգի Լոմջարյան, Նորայր Զաքարյանը և Էդգար Հովհաննեսյանը Արցախի մասնագետների հետ համատեղ իրականացրել են 160 խորհրդատվություն, կատարել 34 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոտեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:
   Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները: Հարկ է նկատել, որ վերոնշյալ վիրահատություններն ամբողջությամբ անվճար են իրականացվել:
   Կոնքազդրային հոդի վիրահատական միջամտության համար պրոթեզների մեծ մասը ձեռք են բերվել և տրամադրվել Արցախի առողջապահության նախարարության կողմից:
   Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու: