icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Լյարդաբանական օրեր Արցախում 29.01.2018թ. / 29-01-2018


   Հայկական լյարդաբանական ասոցիացիայի և ՀՀ «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 26-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում կազմակերպվել է «Լյարդաբանական օրեր Արցախում» խորագրով դասընթաց, իսկ հունվարի 27-ին` ազգաբնակչության համար բաց դռների օր:
 Դասընթացը նախատեսված էր թերապևտների, գաստրոէնտերոլոգների, ինֆեկցիոնիստների, մանկաբույժների և բուժքույրերի համար:
  ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական Լյարդաբանական Ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է ասոցիացիայի հիմնական նպատակները՝ նորությունների ներկրում Հայաստան և Արցախ, միջազգային համագործակցություններ, շարունակական բժշկագիտական զարգացումներ:
   Գլխավոր լյարդաբանը տեղեկացրել է, որ վերջերս մասնակցել է Բրազիլիայում կայացած «Վիրուսային հեպատիտ» թեմայով գագաթաժողովին, որի նպատակն էր 2030 թվականը դարձնել առանց վիրուսային հեպատիտների տարի և Հայաստանը նույնպես միացել է ծրագրին: Մասնագետը նշել է, որ այդ առումով ՀՀ-ում և ԱՀ-ում առաջիկա 12 տարիների ընթացքում լուրջ անելիքներ կան. ազգաբնակչությանը պետք է բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում վիրուսային հեպատիտը և ի՞նչ բարդություններ է առաջացնում հիվանդությունը և հավելել, որ ողջ աշխարհում այդ վիրուսով ներկայումս 500 մլն վարակվածներ կան, սակայն միայն 11 %-ն է իրազեկված դրա մասին:
  Հասմիկ Ղազինյանը հանդես է եկել «Վիրուսային հեպատիտ Ց», «Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում» զեկույցներով։ Բանախոսը պարզաբանել է հիվանդության կլինիկական արտահայտվածության ձևերը, ախտորոշումը և ժամանակակից մոտեցումները:
   ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը անդրադարձել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը:
  Արցախի բուժքույրերի համար նախատեսված դասընթացին ՀՀ «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գեղանուշ Ստեփանյանը ներկայացրել է առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպումը տարբեր իրավիճակներում:
   Արցախի ազգաբնակչության համար լյարդաբանական բաց դռների օր միջոցառման շրջանակներում՝ Երևանից ժամանած բժիշկների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացվել է մոտ 150 խորհրդատվություն, 100 հոգու սկրինինգ հետազոտություն հեպատիտ Բ-ի և Ց-ի վերաբերյալ:
   Հիվանդներն անվճար ենթարկվել են ուլտրաձայնային հետազոտության և լաբորատոր փորձաքննության: