Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն ամփոփել է նախարարության 2017 թվականի գործունեությունը 25.01.2018թ.

   Հունվարի 25-ին կայացել է Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի մամուլի ասուլիսը:
   Նախարարը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել 2017 թվականին համակարգի կողմից կատարված աշխատանքները և 2018-ի նախատեսվող ծրագրերը:
   Առողջապահության նախարարությունը իր գործունեությունն իրականացնում է թվով 19 բուժհիմնարկների միջոցով, որտեղ աշխատում են 430 բժիշկ, 1312 բուժքույր:
   Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 5996,5 մլն դրամ, որը համախառն ներքին արդյունքում կազմում էր 2.4 տոկոս:
   Արցախի առողջապահության համակարգի 2017թ. կատարողականը կազմել է 5.897.195,474 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 98.3 տոկոսով:
   2017 թ. բյուջեով նախատեսված գումարներով նախարարության կողմից, գործող ծրագրերի շրջանակներում հանրապետության բնակչությանը տրամադրվել են անվճար դեղորայք, ինչպես նաև փոխհատուցվել հիվանդների բուժման ծախսերը:
   Շարունակվել են հետևողական աշխատանքները համակարգը բժշկական կադրերով համալրելու գործընթացում: Բուժհիմնարկները համալրվել են ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ-ից հրավիրված մասնագետներով: Ընդհանուր առմամբ 2017 թվականին աշխատանքի է ուղեգրվել 16 բժիշկ:
   2017 թվականին պետական պատվերի շրջանակներում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան են ընդունվել 26 շրջանավարտներ:
   2017 թվականին ՀՀ և արտասահմանյան տարբեր բուժհիմնարկներում վերապատրաստվել է համակարգի 53 բժիշկ և 5 բուժքույր: Բժիշկներից 3-ը վերապատրաստում անցել են արտասահմանյան երկրներում:
  Հաշվետու տարում Ստեփանակերտում կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ ու դասընթացներ, մասնակիցներին տրվել շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ: Դասընթացները, գիտաժողովները, կոնֆերանսները նորանոր գիտելիքներ են հաղորդում մասնագետներին, որոնք հետագայում կիրառվում են պրակտիկայում:
   2017 թվականին Արցախի առողջապահության նախարարության կողմից տարբեր բժշկական ծառայություններ իրականացնելու համար տրվել են թվով 10 բարդ լիցենզիաներ:
   2017 թվականին առողջապահության համակարգում լուծվել են մի շարք գլոբալ խնդիրներ: Կնքվել են փոխըմբռնման հուշագրեր ու ընդլայնվել են համագործակցության շրջանակները:
  Նախարար Կարինե Աթայանը, որպես կարևոր ձեռք բերում նշել է Ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքի շինարարության ավարտը, որը ներկայումս գտնվում է սարքավորումներով համալրման փուլում և նախատեսվում է առաջիկայում ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ տարբեր բարերարների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով հագեցնել բուժհիմնարկը, այնուհետև սկսել ծավալել համապատասխան գործունեություն:
  Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության կողմից, ինչպես նաև պետական աջակցությամբ վերանորոգվել ու շահագործման է հանձնվել Հակապալարախտային դիսպանսերի հիվանդանոցային մասնաշենքը:
  Վերանորոգվել ու շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման Իշխանաձորի գյուղական բժշկական ամբուլատորիայի շենքը՝ «Թունֆենկյան» հիմնադրամի միջոցներով:
 Շինարարական աշխատանքներ են իրականացվում նաև Հանրապետական բժշկական կենտրոնում` առաջիկայում մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը տեղադրելու նպատակով:
 Ձեռք է բերվել Պոլիմերազային շղթայական ռեակցիա լաբորատոր սարքավորումը: Այն կտեղադրվի Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում` համապատասխան տարածքը վերանորոգելուց հետո, որը նույնպես ընթացիկ փուլում է:
 2017 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է մոտ 500,0 հազ. ամբուլատոր հաճախումներ, հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19.882 մարդ:
   Բնակչության լիարժեք բուժսպասարկման համար 2017 թվականի տարեկան կտրվածքով կատարվել է 207.734 լաբորատոր-գործիքային հետազոտություններ և 24.013 դժվարամատչելի հետազոտություններ, իրականացվել են մի շարք ծրագրեր հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ:
   2017 թվականին Հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6078 վիրահատություններ, որից ստացիոնար 4708 և ամբուլատոր 1370:
   ՀՀ և արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից ԱՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում ինչպես Ստեփանակերտ քաղաքի այնպես էլ շրջանային բուժհիմնարկներում կատարվել են մի շարք հիվանդների ընդունելություն, այդ թվում 1282 խորհրդատվություններ, 1478 հետազոտություններ և 303 վիրահատություններ: Մասնագետների կողմից իրականացված միջամտություններից որոշը Արցախում կատարվել է առաջին անգամ:
  2017 թվականին արձանագրվել է 1150 մահվան դեպք: Հիվանդանոցային մահերը կազմել են 228 դեպք: Հիվանդանոցային մահերը հիմանկանում պայմանավորված են Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվող ծանր հիվանդների հաշվին, որոնց ծանրակշիռ մասը տարեցներ են:
2017 թվականին հանրապետության բուժհիմնարկներում ծնվել են 2222 նորածին, որից 1803-ը Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
   Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ:
   Նախարարի ընդունելության օրերին կատարվել է 282 անձանց ընդունելություն և բոլոր բարձրացված հարցերին տրվել համապատասխան լուծումներ:
   Հանդիպմանը նախարար Աթայանը պատասխանել է լրագրողներին հուզող երկու տասնյակից ավելի հարցերի: