Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի Ամանորյա ուղերձը 29.12.2017թ.

 Առողջապահության համակարգի հարգելի՛ աշխատողներ, հայրենակիցներ.

   Շնորհավորում եմ Ձեզ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
  Ամանորը մարդկության համար ամենասպասված հրաշքներով լի տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս` մղելով դրանց իրականացմանը:
 Երկրի ղեկավարությունն իրականացնում է առողջապահական ոլորտի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության և սպասարակման որակի բարձրացման նպատակով բարեփոխումներին միտված նախաձեռնությունները կյանքի են կոչվում:
  Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձևավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ:
   Տարեմուտի այս հրաշալի տոների կապակցությամբ մաղթում եմ աշխատանքային մեծամեծ հաջողություն ի նպաստ Արցախի պետականության ամրապնդման ու հզորացման` հանուն մեր ժողովրդի խաղաղ, բարեկեցիկ ապագայի:
   Թող Սուրբ Ծննդյան լույսն ու Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունն ուղեկից լինեն Ձեզ ու Ձեր ընտանիքի անդամներին և թող 2018 թվականը լինի խաղաղության, ազգային իղձերի իրականացման բարեբեր տարի:

                                                                                  Լավագույն մաղթանքներով՝ 
                                 ԱՀ առողջապահության նախարար  Կարինե Աթայան