icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղը 21.12.2017թ. / 21-12-2017


 Դեկտմեբերի 20-ին ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ԲՏԳԱ) արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:
 Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Բոստանջյանը, ինչպես նաև բժիշկներ Արցախից և Հայաստանից:  
  Ակադեմիայի մասնաճյուղն Արցախում բացելու գաղափարը ծագել է սեպտեմբերի 12-15-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Ռուսաստանից, Կորեայից ու Հայաստանից ժամանած պատվիրակներ:
   Բացման խոսքով հանդես է եկել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ով իր ելույթում մասնավորապես ասել է. «Այսօրվա միջոցառման բուն նպատակը հանդիսանում է Արցախում` Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի արցախյան մասնաճյուղի բացումը. այն հնարավորություններ է ստեղծելու միջազգային հարթակներում ազատ հաղորդակցվելու համար»: 
  ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, պրոֆեսոր Մառլեն Բոստանջյանը կարևորել է ակադեմիայի մասնաճյուղի ստեղծումը, որն Արցախում հնարավորություններ կընձեռի գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկներին մասնակցել Ռուսաստանում և արտասահմանում կազմակերպվող գիտաժողովներին, համատեղ իրականացնելով գիտահետազոտական աշխատանքներ:
  Հանադիսավոր միջոցառմանը Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամ, բ.գ.թ. Կարինե Աթայանը:
   Նորաստեղծ մասնաճյուղի արցախցի 10 գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկներ` Գարիկ Ազիրյանը, Ալյոշա Մաղաքելյանը, Զոյա Մաղաքելյանը, Էդիկ Ղուկասյանը, Արմեն Խաչատրյանը, Օֆելյա Դադայանը, Մարինե Թևոսյանը, Գագիկ Օհանյանը և Անահիտ Լալայանը` դարձել են ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամներ և ստացել դիպլոմներ ու վկայականներ:
  Մառլեն Բոստանջյանը շնորհավորել է Կարինե Աթայանին և առաջարկել` ապահովել արցախյան մասնաճյուղի կազմակերպչական աշխատանքները՝ ընդգրկելով գիտատեխնիկական, բժշկական, հասարակական և պետական գործիչների, առողաջապահության կազմակերպիչների, խոշոր արտադրական միավորումների և ձեռնարկությունների առավել արժանի ներկայացուցիչների:
    Նախարար Աթայանը կարևորել է ակադեմիայի մասնաճյուղի բացումը, որն էլ հնարավորություն կտա արցախցի բժիշկներին համագործակցել Ռուսաստանի մասնագետների հետ, մասնակցել արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, կատարել գիտահետազոտական աշխատանքներ, ինչն էլ կնպաստի ԱՀ-ում գիտության զարգացմանը:
  Կարինե Աթայանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Լեոնովին, փոխնախագահ Մառլեն Բոստանջյանին` վստահության համար:
  Միջոցառման ավարտին Մառլեն Բոստանջյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել արցախյան նորաստեղծ մասնաճյուղի նախագահ Կարինե Աթայանին և բոլոր գիտաշխատողներին, ովքեր էլ պարգևատրվել են Չիժեվսկու անվան ոսկե շքանշաններով: