icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ստեփանակերտում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության հետ 15.12.2017թ. / 15-12-2017


   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությանը:
  Ողջունելով հյուրերին՝ Կարինե Աթայանը նշել է, որ երկու հանրապետությունների առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մշտապես համագործակցում են, սակայն շոշափելի արդյունքներ կարելի է ակնկալել գործնական այսպիսի աշխատանքի արդյունքում։
   «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համատեղ աշխատանքի արդյունքում ձեր կողմից նախապես ուղարկված ծրագրերն ու առաջարկությունները տեղայնացնելով ներդնել նաև Արցախում»,- ասել է Կարինե Աթայանը։
  Նախարար Աթայանը ներկայացրել է նաև ԱՀ առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, համակարգի առանձնահատկությունները և կատարված բարեփոխումները։
  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ Հայաստանի  կառավարությունը կարողացել է առողջապահության ոլորտում ավելի քան մեկ տարվա ընթացքում իրականություն դարձնել թիրախային հռչակված ծրագրեր։
   «Մենք որդեգրել ենք կառավարման թափանցիկության և արդյունավետության սկզբունքներ՝ հիմնված նորագույն տեխնոլոգիաների վրա,- ասել է ՀՀ նախարարը՝ ընդգծելով առանձին ծրագրերի, մասնավորապես՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման, եվրոպական կլինիկական
ուղեցույցների և գործելակարգերի մշակման և ներդրման շնորհիվ բժշկական ծառայությունների որակի նոր մակարդակ ապահովելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
   Նախարար Ալթունյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերից շատերը կարող են արդյունավետորեն աշխատել նաև Արցախում՝ տալով բարելավման ակնհայտ արդյունքներ։
   Կարինե Աթայանը ՀՀ պատվիրակությանը ծանոթացրել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և արտահաստիքային գլխավոր մասնագետների հետ։
   Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության որոշ անդամներ առանձին խմբերով աշխատել են Արցախի գործընկերների հետ՝ ներկայացնելով Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող առողջապահական ծրագրերի արդյունքները, Արցախում դրանց ներդրման հնարավորությունները:
  ԱՀ առողջապահության նախարարությունում կայացած հանդիպաման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանել է լրագրողների հարցերին, մանրամասնել համագործակցության հեռանկարները:
   Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ 2018 թվականին ՀՀ-ում ստեղծվելու են պալիատիվ բժշկության կենտրոններ և հավելել, որ նույն տարում նման ծառայություն կներդրվի Արցախում:
   Ամոքիչ (պալիատիվ) խնամքը բժշկության  մարդասիրական և կարևոր ուղղություն է վերջնական չբուժվող պացիենտների կյանքի երկարացված վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու գործում։ Հիվանդները մի կողմից ստանում են կյանքի երկարացման հնարավորություն, մյուս կողմից՝ համակողմանի աջակցություն։ Դրանում նախատեսում է ինչպես ցավազրկում, այնպես էլ՝ հոգեկան աջակցություն։Վերջինս թույլ կտա Արցախում բարձրացնելու ուռուցքային և բազմակի վնասվածքներով հիվանդների կյանքի որակը