Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել 03.12.2017թ.

 1992թ.ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Այս բնագավառում մեծ է վերականգնողական կենտրոնի դերը:
   Դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում բացվել է Արցախի առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդես, որին ներկա էր ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
   Ցուցահանդեսում ներկայացվել են սահմանափակ կարողություններով անձանց բուժման գործընթացներին վերաբերող 130 ֆոտոլուսանկար, ինչպես նաև կենտրոնում բուժվողների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2018 թվականի հունվարի 15-ը:
  Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը իր ելույթում նշել է, որ ֆոտոցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքները: Կառույցի տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կառավարությունը կունենա հնարավորություն կառուցել նոր վերականգնողական կենտրոն և բոլոր բուժման կարիք ունեցողները կստանան անհրաժեշտ մասնագիտական օգնություն:
   Արդեն 19 տարի է ինչ գործում է Արցախում նախատիպը չունեցող վերականգնողական կենտրոնը, որտեղ վերականգնման և բուժման համար տարքային սահմանափակում չկա: Կենտրոնն ունի իր առաքելությունը՝ վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամներին և նրանց ինտեգրել հասարակության հետ, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը:
   Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող 100-ից ավելի մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելու համար:
  Կենտրոնն ունի պատրաստված ֆիզիոթերապիստներ Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական և աշխատանքային թերապիա անցկացնել շրջանային բուժմիավորումներում:
  2017թ.մայիսի 2-ին վերականգնողական կենտրոնին կից բացվել է «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կետրոն», որտեղ երեխաների հետ կատարվում են մասնագիտական աշխատանքներ, ուղղված նրանց ֆիզիկական և մտավոր զարգացմանը: