«Եվրոպա Դոննա Արմենիա»-ն կրկին Արցախի շրջաններում էր 01.12.2017թ.

 Նոյեմբերի 22-30-ը «Եվրոպա Դոննա Արմենիա» կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի բժիշկները երկրորդ անգամ ժամանել էին Արցախ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ մասնագետները իրենց աշխատանքների հիմնական մասն իրականացրել են Արցախի շրջաններում` այցելելով Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի, Քաշաթաղի և Մարտունու շրջանային բուժմիավորումներ:
   «Եվրոպա Դոննա Արմենիա»-ն առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որը հանդիսանում է Եվրոպա Դոննա կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպության բացառիկ ներկայացուցիչը: Կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2015թ.-ի հունվար ամսին, նպատակ ունենալով պայքարել օր ըստ օրե ահագնացող կրծքագեղձի քաղցկեղի դեմ՝ բարձրացնել իրազեկվածությունը, բարձրաձայնել վաղ հայտնաբերման առավելությունների մասին, որի համար կատարվել են տարբեր տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ:
 Այցի ժամանակ կատարվել են կրծքագեղձի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություններ, բժիշկ-ուռուցքաբանի և էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Արդյունքում որոշ կանայք ուղեգրվել են մամոգրաֆիկ հետազոտության, տրվել են ցուցումներ, նշանակվել դեղորայքային բուժումներ:
   «Եվրոպա Դոննա Արմենիա»  կազմակերպության նախագահ Նվարդ Քոչարյանը նշել, որ Արցախ աշխարհը յուրովի ձգողականություն ունի՝ մեկ անգամ լինելուց հետո ցանկություն է առաջացել կրկին այցելել և փոքր-ինչ օգտակար լինել բնակիչներին: Կազմակերպության նախագահը հավաստիացրել է, որ հաջորդ այցը Արցախ կլինի գարնանը:
Բաց դռների օրերի ընթացքում հետազոտություն են անցել մոտավորապես 400 կանայք, էնդոկրինոլոգի խորհրդատվություն ունեցել են նաև տղամարդիկ:
   Կառույցի ղեկավար Նվարդ Քոչարյանին դեկտեմբերի 1-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
   Նվարդ Քոչարյանը նախարար Աթայանին է ներկայացրել առաքելության նպատակը, որ Արցախի կանայք ևս պետք լիարժեքորեն ունենան հնարավորություն կանխարգելելու հնարավոր քաղցկեղը:
   Հանդիպման ժամանակ նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները:
   Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն հայտնել Նվարդ Քոչարյանին կատարված աշխատանքների համար և հույս հայտնել, որ նման ձևաչափով համագործակցությունը կշարունակվի ի նպաստ Արցախի ազգաբնակչության: