Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Արցախում 24.11.2017թ

   ՀՀ ԱՆ «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի օստիոպորոզի կենտրոնի նախաձեռնությամբ և «Ջինիշյան» հիմնադրամի հովանավորությամբ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում, ինչպես նաև Մարտակերտի և Հադրութի շրջանային բուժմիավորումներում նոյեմբերի 22-23-ը կազմակերպվել է «Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Արցախում» թեմայով դասընթաց:
  Դասընթացին մասնակցում էին առողջապահության համակարգի էնդոկրինոլոգները, թերապևտները, գինեկոլոգները և վիճակագիրները:
   Թեման ներկայացրել են հանրային առողջապահության մասնագետներ Սիսակ Բաղդասարյանը, Նարինե Գալստյանը և Աննա Ղուբաթյանը:
   Զեկուցողները նշել են, որ յոդի անբավարարության հետևանքով առաջացող առողջական խանգարումները հանրային առողջության առաջնային խնդիրներից են, այդ պատճառով էլ յոդի հագեցվածության հետազոտություններ են կատարվել հանրապետության մակարդակով, իսկ հանդիպման նպատակը այդ արդյունքները տեղեկացնելն էր:
 Հետազոտություններն Արցախում իրականացվել են պատահականության սկզբունքով ընտրված 30 դպրոցների 8-12 տարեկան աշակերտների շրջանում`վերցնելով մեզի 850 նմուշներ: Հետազոտության է ենթարկվել նաև կենցաղում կիրառվող կերակրի աղը: Հայտնի է, որ յոդի հիմնական պաշարը ստացվում է կերակրի աղից:
   Հանրային առողջության մասնագետ Սիսակ Բաղդասարյանը իր համապարփակ ներկայացման ժամանակ ամփոփելով իրենց կողմից կատարած հետազոտության արդյունքները տվել է հետևյալ եզրակացությունը` յոդի անբավարարություն չկա Արցախում:
   Դպրոցական երեխաները և հղի կանայք ստանում են բավական յոդ իրենց սննդամթերքից: Վերարտադրողական տարիքի կանայք ստանում են նորմայից քիչ ավելի բարձր քանակի յոդ: Այս հետազոտության արդյունքները պարզել են, որ համընդհանուր աղի յոդացման ծրագիրն ապահովում է բնակչությանը համապատասխան յոդի քանակով: Հետևաբար խպիպի տարածվածությունը Արցախում ունի այլ պատճառներ:
 ՀՀ «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի առողջապահական տեղեկատվական կենտրոնի ազգային ռեգիստրի ղեկավար Նարինե Գալստյանը դասընթացին հանդես է եկել «Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածությունը» զեկույցով և հավելել, որ երկարատև հետազոտություններից պարզ դարձավ Արցախում յոդի անբավարարություն չկա:
   «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ասպիրանտ, էնդոկրինոլոգ Աննա Ղուբաթյանը անդրադարձել է «Վահանաձև գեղձի հիվանդությունների ուղեցույցներ» թեմային: Էնդոկրինոլոգը ներկայացրել է վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակակից բուժման միջազգային գործելակարգերը։
   Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների տեղեկացվածության աստիճանը ազգաբնակչության շրջանում կատարված յոդի հագեցվածության հետազոտության վերաբերյալ, ինչի արդյունքում նրանք կստանան նորագույն տվյալներ վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման վերաբերյալ: