Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է 14.11.2017թ.

  Նոյեմբերի 14-ը ողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն խորհուրդ ունի բարձրացնելու ազգաբնակչության իրազեկվածության մակարդակը շաքարային դիաբետի, դրա տարածվածության ընդլայման, հիվանդացության, մահացության, հաշմանդամության ցուցանիշների մասին:
   Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը նշվում է 1991 թվականից` Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ:
   Շաքարային դիաբետը իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի արդյունքում առաջանում է հիպերգլիկեմիա` արյան մեջ գլյուկոզի կայուն բարձրացում։ Հիվանդությունը նկարագրվում է քրոնիկ ընթացքով, նյութափոխանակության խանգարումով, նեյրոպաթիաներով, անոթների, տարբեր օրգանների և հյուսվածքների ախտաբանական փոփոխություններով:
   Հիվանդության առաջնային ախտանշաններն են` սաստիկ ծարավ, շարունակական անհագ քաղց, առատ միզարտադրություն, մարմնի քաշի կորուստ, բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորություն: Շաքարային դիաբետի երկրորդային ախտանշաններն են՝ մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քոր, մաշկի դժվար բուժվող բորբոքումներ, ընդհանուր մկանային թուլություն, տեսողության խանգարումներ:
   Շաքարային դիաբետի ռիսկի գործոններն են՝ 40-ից բարձր տարիքը, ժառանգականությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը, զարկերակային բարձր ճնշումը, ավելորդ քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սնուցումը:
   Շաքարային դիաբետի բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Բուժման հիմնական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը: Կարևոր են բուժական ֆիզկուլտուրան, լողը և այլն` աստիճանաբար բարձրացնելով բեռնվածությունը:
   Շաքարային դիաբետի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում:
  Արցախի Հանրապետությունում 2017թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արձանագրվել է շաքարային դիաբետով հիվանդների 339 նոր դեպք, որից 6-ը` երեխաներ են: Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր և ազդեցության տարբեր տևողությամբ ինսուլիններ:
   2015 թվականին մեկնարկած ծրագրի համաձայն ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-18 տարեկան երեխաներին, ինչպես նաև 18-22 տարեկան հիվանդներին շարունակական տրամադրվում է ինսուլին և ինսուլինային ներարկիչ-գրիչներ: Վերջիններիս ամենօրյա օգտագործումը իրավամբ կբարելավի հիվանդների առօրյան, կբարձրացնի նրանց կյանքի որակը: