Արթուր Վարժապետյանը Արցախի առողջապահության համակարգին ավտոմեքենաներ է նվիրաբերել 05.09.2017թ.

   Ռուսաստանաբնակ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Վարժապետյանը սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  Արցախի Հանրապետության մի շարք պետական կառույցների, այդ թվում` առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդանոցին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին ու Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոցին նվիրաբերել է մարդատար և սանիտարական «Շևրոլետ» և «ՈՒԱԶ» ավտոմեքենաներ:
  «Այս նվիրատվությունն ինձ համար ավանդույթի է վերածվել: Ես այս քայլով փորձում եմ օգտակար լինել արցախցիներին, և դա ինձ համար հաճելի է ու պատվաբեր»,-իր խոսքում նշել է Արթուր Վարժապետյանը:
   Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և պաշտոնատար այլ անձինք:
  Նշենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ առողջապահության համակարգին անհատույց նվիրատվության կարգով տրամադրվել էր 2 ռեանիմոբիլ և շտապ օգնության 4 գծային ավտոմեքենաներ՝ հագեցված անհրաժեշտ բոլոր բժշկական սարքերով և պարագաներով: Այդ մեքենաների շնորհիվ հնարավոր դարձավ առավել լիարժեք կազմակերպել ծանր հիվանդների տեղափոխումը հանրապետության շրջաններից Ստեփանակերտ և մայրաքաղաքից Երևան, ինչպես նաև ժամանակին սպասարկել բնակչության շտապ օգնության կանչերը: