Բժշկական առաքելությամբ՝ Մոսկվայից 28.08.2017թ.

   Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած մի շարք բժիշկներ` այդ թվում մանկաբույժ, մանկական գաստրոէնտերոլոգ և հեպատոլոգ, կարդիո-ռեանիմատոլոգ և օրթոպեդ-ստոմատոլոգ օգոստոսի 15-25-ը Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Հանրապետական բժշկական կենտրոնում և շրջանային բուժմիավորներում հիվանդների հետազոտություններ ու խորհրդատվություններ են իրականցրել:
   Մասնագետները հանդիսանում են Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միություն» հասարակական կազմակերպության անդամներ: Նրանց հետ եկել էին նաև ՌԴ բարձրագույն բուժհաստատությունների ուսանողներ՝ ծանոթանալու Արցախի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և իրենց ներդրումն ունենալու:
   «Հայկական բժշկական գիտական միությունը» հիմնադրվել է 2015 թվականի, հանդիսանում է Մոսկվայի հայ ուսանողների, օրդինատորների, բժիշկների միավորման հարթակ: Միության օգնությամբ ուսանողները վարժեցնում են իրենց պրակտիկ հմտությունները և կատարելագործում են տեսական գիտելիքները:
   Կազմակերպության նախագահ, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանի խոսքով այս այցին պատրաստվել են մեկ տարվա ընթացքում: Ուսանողների հետ անց են կացվել տարբեր դասախոսություններ, մաստեր-կլասս, դասընթացներ:Գրեթե 50 ուսանողից ընտրել են 7-8 ուսանողների, ովքեր ցույց են տվել իրենց հարուստ գիտելիքները:
   Հասմիկ Ահարոնյանը կարևորել է տեղի գործընկերների հետ փորձի փոխանակումը, իր գոհունակությունն արտահայտել Արցախի երիտասարդ բժիշկների վերաբերյալ:
   Մոսկվայի N15 քաղաքային կլինիկական հիվանդանոցի կարդիոռեանիմատոլոգ Արգիշտի Վարդանյանն իր հիացմունքն է արտահայտել Արցախում մատուցվող բուժօգնության մակարդակի և մասնագետների աշխատանքի վերաբերյալ:
   Մոսկվայի «Երեխաների առողջության ազգային գիտահետազոտական կենտրոնի» մանկական հեպատոլոգ, գաստրոէնտերոլոգ Գոհար Մովսիսյանի տեղեկացմամբ, նա հանդիպել է երեխաների տարաբնույթ պաթոլոգիաների՝ ալերգիկ հիվանդություններ, բրոնխիալ ասթմա, սննդային ալերգիաներ: Մանկաբույժը արձանագրել է նաև երկաթդեֆիցիտային անեմիայի դեպքեր: Վաղ հասակի երեխաների մոտ այդ հիվանդության բուժման ամենաարդյունավետ դեղամիջոցը «Մալտոֆեր»-ն է, որը չկա Արցախում և Հայաստանում:
 Ընդհանուր առմամբ Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում Ռուսաստանի Դաշնության բժիշկների կողմից ավելի քան 260 նեղ մասնագիտական խորհրդատվություն է իրականցվել: Մասնագետները հանդես են եկել տարբեր թեմաներով դասախոսություններով: