Նախարարը ընդունել է Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած բժիշկներին 24.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 24-ին ընդունել է Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Ֆուադ Զայդանին, գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Աննեմարի Բրաունին և ցեղասպանագետ Մանուշակ Մարկոսյանին:
   Ողջունելով օտարերկրյա հյուրերին Կարինե Աթայանը նշել է, որ ուրախ է նրանց տեսնել Արցախում:
   Նախարարը տեղեկացրել է, որ առողջապահության ոլորտը մշտապես գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում և ակնհայտ են ձեռքբերումները:
   Ակնաբույժ Ֆուադ Զայդանը ներկայացրել է, որ ինքը եղել է 55 երկրներում, ծանոթացել առողջապահական համակարգերին ու պատրաստ է իր փորձը փոխանցել տեղի բժիշկներին: Գինեկոլոգ Աննեմարի Բրաունն էլ պատրաստակամություն է հայտնել այցելել Արցախ և անցկացնել գիտաժողովներ:
   Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են Արցախում նորանոր տեխնոլոգիաների կիրառման հետ կապված մի շարք հարցեր:
   Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հղել հյուրերին համագործակցության համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու: