Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակների համաճարակաբանական իրավիճակը 05.12.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից 2016թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների սուր վարակի հիվանդությունների մշտադիտարկում: Ըստ ամենօրյա մշտադիտարկման տվյալների՝ 2016թ. նոյեմբեր ամսվա դրությամբ արձանագրվել է ՎՇՈւՍՎ 2802 դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 2441 դեպք (87.1%), իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 2249 դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 1967 դեպք (87.5%), արձանագրվել է աճ 553 դեպքով, 0-18 տարեկանների մոտ 474 դեպքով:
   Նույն ժամանակահատվածում բուժկանխարգելիչ հիմնարկներում հոսպիտալացվել են 59 հիվանդ, որոնցից 54 երեխաներ, իսկ 2015թ. հոսպիտալացվել են 35 հիվանդ, որից 33 երեխաներ: Բացակաների թիվը դպրոցներում հիվանդացության պատճառով կազմում է 4.3%, իսկ նախադպրոցական հաստատություններում 8.8%:
   Բուժկանխարգելիչ հիմնարկները ապահովված են անհրաժեշտ քանակով դեղամիջոցներով, միանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, դեղորայքով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: Կլինիկական ցուցմունքով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտության են ուղարկվել 20 նմուշ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիա: Հետազոտության արդյունքները բացասական է:
   Ռիսկի խմբերի բուժաշխատողների շրջանում սեզոնային գրիպի դեմ կատարվող կանխարգելիչ պատվաստումները գտնվում են ընթացքի մեջ:
   Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
   Հիվանդության ախտանշաններն են
• գլխացավ
• մկանացավ
• ջերմություն՝ 38° և բարձր, հազ
• թուլություն
• հարբուխ կամ քթի խցանում
• հեղձուկ
• երբեմն քթից արյունահոսություն
     Ինչպես պաշտպանվել գրիպից
      Կանոն 1
       Լվացվել
• Ձեռքերը հաճախակի լվանալ օճառով և հոսող ջրով, եթե չկա նման հնարավորություն, ապա օգտագործել ալկոհոլ պարունակող կամ ախտահանող որևէ միջոց:
• Առարկաների մակերեսները լվանալ և ախտահանել կենցաղային լվացող միջոցների կիրառմամբ:
     Կանոն 2
      Պահպանել տարածությունը և ճիշտ վարվելակերպ
• Խուսափել հիվանդի հետ մոտ շփումից:
• Հազալիս ու փռշտալիս բերանը և քիթը փակել անձեռոցիկով:
• Խուսափել ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց, քանի որ գրիպի վիրուսը
տարածվում է այս ուղիներով ևս:
         Կանոն 3
         Իրազեկվել
• Գրիպի վերաբերյալ իրազեկվել և տեղեկացնել ուրիշներին:
• Վարել առողջ ապրելակերպ՝ լիարժեք քնել, սպիտակուցներով, հանքային աղերով, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել:
• Հետևել բժշկի խորհուրդներին:
         Կանոն 4
         Անհրաժեշտ է օգտվել գրիպի կանխարգելման բոլոր միջոցներից
         Ինչ անել, եթե ձեզ մոտ առկա են գրիպի ախտանիշներ
• Մնալ տանը և անհապաղ հրավիրել բժիշկ:
• Հետևել բժշկի խորհուրդներին, կատարել նրա նշանակումները, պահպանել անկողնային ռեժիմ և ընդունել մեծ քանակությամբ հեղուկ:
• Փռշտալիս կամ հազալիս բերանը և քիթը փակել միանվագ օգտագործման անձեռոցիկով:
• Հազալուց և փռշտալուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով և օճառով: