Հաշմանդամների միջազգային օրն է 03.12.2016թ.

   1992թ.ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:
   1988-1994թթ. պատերազմի հետևանքով Արցախում բազմաթիվ վիրավորներ ու հաշմանդամներ կային: Չնայած մեծ կարիքին, չկար վերականգնողական կենտրոն, որը համապատասխան բուժման ծրագիր կունենար սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժումը իրականացնելու համար: Բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ 1998-2000թթ. շենքը վերակառուցվեց և կազմակերպվեցին մեկ տարյա ինտենսիվ դասընթացներ՝տեղացի 12 բուժքույրերի համար:
   2000-2005թթ. բուժվողների 70%-ից ավելին պատերազմի հետևանքով դարձած հաշմանդամներն էին, իսկ դրանից հետո մինչ այսօր ամեն տարի ավելանում են տարբեր հիմնախնդիրներ ունեցող մարդկանց թիվը՝ վերականգնողական բուժում ստանալու համար, և տեսանելի դարձնում վերականգնողական կենտրոնի խիստ անհրաժեշտությունը:
   ԼՂՀ առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի առաքելությունն է վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամներին և նրանց ինտեգրել հասարակության հետ, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը:
   Այժմ կենտրոնն ունի 50 աշխատող, որոնց աշխատանքը ուղղված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժելու և ինտեգրելու հասարակության հետ: Կենտրոնում ստեղծվել և գործում են արվեստի դասընթացներ` կավագործություն, նկարչություն և մաքրամե: Դա երիտասարդ հաշմանդամներին նոր մասնագիտության ուսուցանելու միջոց է, որը նպաստում է բուժմանը, ինտելեկտուալ զարգացմանը: Կենտրոնում գործում է սպորտի խմբակ, որը լավ միջոց է համարվում հաշմանդամի ֆիզիկական և հոգեբանական առողջությունը բարելավելու: Վերականգնողական կենտրոնում գործում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների դասարան, որտեղ երիտասարդ հաշմանդամները կարող են սովորել և օգտագործել համակարգիչներ և համացանց: Նրանք կարող են ստանալ ջրաբուժության ծառայություններ:
   2007թ. վերականգնողական կենտրոնում բացվեց «Մանկական առողջության կենտրոն», որտեղ հաճախում են 2-7 տարեկան մտավոր և ֆիզիկական խնդիրներով երեխաներ:
   Վերջին տարիներին Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը պատրաստել է մասնագետներ Հադրութի և Մարտակերտի շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական և աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հետ:
   Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս նաև մասնագետների շարունակական կրթությանը, որի ընթացքում ՀՀ-ից և արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրվում են մասնագետներ՝ դասախոսություններ վարելու և փորձի փոխանակում կատարելու համար:
   Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող100-ից ավելի մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելու համար:
   Վերակագնողական կենտրոնը ամեն տարի կազմակերպում է ամառային ճամբարներ և սպորտային միջոցառումներ:
   Տվյալ պահին վերականգնողական կենտրոնում կատարվում են շինարարական աշխատանքներ աուտիզմի սինդրոմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների բուժման համար հատուկ մասնագիտացված կենտրոն ստեղծելու համար: Այդ ծրագիրը հովանավորվում է ԼՂՀ Կառավարության, «Ջինիշյան» Հիշատակի Հիմնադրամի ու «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: Ակնկալվում է, որ այդ կենտրոնը կբացվի 2017թ. սկզբին: