icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արյունաբանական և ուռուցքաբանական գիտաժողով Արցախում 28.09.2016թ. / 28-09-2016


 Սեպտեմբերի 27-28-ին ԼՂՀ առողջապահության նախարարությունը Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հետ համատեղ Berlin-Chemie/Menarini դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ Ստեփանակերտում կազմակերպել է գիտաժողով` ուռուցքաբանների, գինեկոլոգների, մանկաբույժների համար:  
  Սեպտեմբերի 27-ին Հանրապետական բժշկական կենտրոնում ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը կարևորել է նմանատիպ հանդիպումների անցկացումը: Նա նշել, որ առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտի համընթաց զարգացումը, որի ապացույցը նոր ժամանակակից Ուռուցքաբանական դիսպանսերի կառուցումն է:
   Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի համակարգող, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն էլ նախ ներկայացրել է իրենց ասոցիացիայի կատարած աշխատանքերը և ներկա մասնագետներին առաջարկել ակտիվորեն ներգրավվել այդ աշխատանքներում` համագործակցել ներկայացված ուղղություններով:
   Գիտաժողովի բացման արարողությունից հետո բանախոսները հանդես են եկել զեկույցներով: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը ներկայացրել է «Կրծքագեղձի քաղցկեղ, ախտորոշում և բուժում» և «Քիմիաթերապիան որպես չարորակ նորագոյացությունների ժամանակակից բուժման մեթոդ» զեկույցները:
  Հայաստանից ժամանած ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն էլ ներկայացրել է «Արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխություններ», «Էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ, ախտորոշում և բուժում» թեմաները:
   Բժիշկը կարևորել է հատկապես այն փաստը, որ քաղցկեղը հաճախ առաջանում է, երբ կինը պարզապես չի հետազոտվում:
   Նա մանրամասնել է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղում է կանանց շրջանում: Այսօր քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու շատ հետազոտություններ կան: Իսկ վաղ հայտնաբերումը հիվանդի կյանքը փրկելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Երբ բժշկական համակարգը ճիշտ է աշխատում և կինը պարբերաբար հետազոտություններ է անցում, հնարավոր է դառնում կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը և իսպառ վերացնել այն: Նախաքաղցկեղային շրջանում այն կարելի է ամբողջովին կանգնեցնել: Ի տարբերություն արգանդի վզիկի արգանդի մարմնի, քաղցկեղը ցավոք հնարավոր չի լիովին կանխարգելել, նշել է Վահե Տեր-Մինասյանը:
  Գիտաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներն արդեն «Արևիկ» մանկակական բուժմիավորումում ներկայացրել են մանկական քաղցկեղի վերաբերյալ զեկույցներ:

  Գևորգ Թամամյանն անդրադարձել է երեխաների շրջանում քաղցկեղի տարածվածությանը, ռիսկի գործոններին, առավել հաճախ հանդիպող տեսակներին, լեյկեմիաներին, ոսկրային և այլ ուռուցքային հիվանդություններին: Թամամյանի պարզաբանմամբ մանկական ուռուցքաբանության յուրահատկությունը մեծահասակների համեմատ բուժման արդյունավետությունն է:

   Գիտաժողովի վերջում մասնագետներին է ներկայացվել է նաև Berlin-Chemie /Menarini դեղագործական ընկերության արտադրության դեղամիջոցները: