«Հայաստանի հանրապետական կուսակցության» կանանց խորհրդի պատվիրակությունը այցելել է Մոր և մանկան առողջության պահապանման կենտրոն 12.08.2016թ.

   ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախագահած «Հայաստանի հանրապետական կուսակցության» կանանց խորհրդի անմիջական օժանդակությամբ և ԼՂՀ առողջապահության նախարարության աջակցությամբ հանրապետության բուժհիմնարկներում օգոստոսի 11-12-ը մի շարք միջոցառումներ են իրականացվել:
  Օգոստոսի 12-ին Հերմինե Նաղդալյանի ղեկավարած պատվիրակությունը ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել է Մոր և մանկան առողջության պահապանման կենտրոն` նվերներ բաժանել 31 ծննդկանների և հղել ջերմ բարեմաղթանքներ: Կենտրոնին տրամադրվել է նաև դեղորայք:
   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, նշելով որ առողջապահության ոլորտը ԼՂՀ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է, ոլորտի զարգացումն էլ նրա առաջնահերթ խնդիրներից: Այդ են վկայում կառուցման ընթացքի մեջ գտնվող Ուռուցքաբանական դիսպանսերը, նորակառույց ծննդատունը, Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը:
  Նախարար Աթայանը հավելել է, որ առողջապահության նախարարությունը անում է հնարավոր ամեն ինչ առկա խնդիրների լուծման համար: Առողջապահության նախարարությունը առաջնորդվում է «Ղարաբաղցին պետք է բուժվի Ղարաբաղում» կարգախոսով, որի վկայությունը ՀՀ բժշակական կենտրոնների տվյալներով` Արցախից ուղեգրված հիվանդների թվի նվազումն է:
   Նախարարը արդյունավետ գնահատեց պատվիրակաության այցը և շեշտեց, որ համագործակցությունը կշարունակվի` ի շահ ժողովրդի և համակարգի զարգացման:
    Օգոստոսի 11-ին և 12-ին ԼՂՀ առողջապահության նախարարության միջին բուժանձնակազմի համար կազմակերպվել են դասընթացներ և գործնական պարապմունքներ սիրտ-թոքային վերակենդանացում ու ռազմադաշտային իրավիճակներում նախաբժշկական օգնության ցուցաբերման համար:
    Որակավորում է ստացել ավելի քան 50 բուժքույր: