Երևանից ժամանած բժիշկները Ասկերանի շրջանային բուժմիավորումում անվճար հետազոտություն են իրականացրել 11.08.2016թ.

   Այսօր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է Երևանի առաջատար բժշկական կենտրոններից ժամանած բժիշկներին:
   Ինչպես նախապես տեղեկացվել էր ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախագահած «Հայաստանի հանրապետական կուսակցության» կանանց խորհրդի անմիջական օժանդակությամբ և ԼՂՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Շուշիի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներում իրականացվում են հիվանդների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն Երևանի առաջատար բժշկական կենտրոնների մասնագետների կողմից:
   Օգոստոսի 11-ին իրականացված «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում Ասկերանի շրջանային բուժմիավորումում խորհրդատվություն են ստացել 154 բնակիչ, որոնցից սրտաբանի մոտ`54, սոնոգրաֆիստի`54, մանկաբույժի`31, նյարդաբանի `15:
  Հիվանդները տեղում ենթարկվել են էխոսրտագրության, ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտության:
   Մասնագետները արձանագրել են, որ հետազոտվածների մեծ մասը հիմնականում հիպերտոնիկ հիվանդներն են, սրտի իշեմիկ հիվանդություններով տառապողները, հետվիրահատական ստուգումների և կոնսուլտացիայի կարիք ունեցողները: